Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Տուն լիներ, որ երջանկություն լիներ

Տուն լիներ, որ երջանկություն լիներ
28.06.2024 | 17:21

Լիներ ուրբաթ առավոտ։

Ես էլ զարթուցիչով յոթին դժվարությամբ ու քունս չառած արթնանայի։

Արագ պատրաստվեի, վերցնեի ուսապարկս ու տաքսիով շտապեի «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, որ հասցնեի Բերձոր գնացող ֆորդի մեջ տեղս զբաղեցնել։

Տեղավորվելուց հետո զանգեի հորս, ասեի՝ շարժվեցինք, ու Արմենչիկի «հանդարտ» երգերի տակ անխռով քնեի մինչև Վայք։

Վայքում ոտքի վրա մի բան ուտեի՝ վստահ, որ տեղ հասնելուց հետո մորս սարքած տան ուտելիքը ոչ միայն քաղցս կհագեցնի, այլև՝ կարոտս։ Բայց դե էդ Վայքի ճաշարանի կոտլետով բուռումը հանգիստ չտար ու երկրորդն էլ ուտեի։

Հետո նորից քնեի էն հույսով, որ հաջորդ անգամ աչքերս բացելուց առնվազն Գորիս հասած կլինենք, ու տուն հասնելուն մնար մի ժամ։ Ճամփի ամեն ծառ ու թուփ հաշվեի, բարևեի (չէ՞ որ բոլորի հետ էլ ծանոթներ էինք տարիներով), անհամբեր սպասեի «Բերձոր» ցուցանակին, խաչակնքեի Սբ. Համբարձման եկեղեցու մոտ ու հանգիստ շունչ քաշեի։

Վերջ, տանն եմ։

Ու էական չէր, որ դեռ Բերձորի կենտրոնից ոտքով պիտի քայլեի մինչև մեր տուն՝ ճանապարհին բարևելով ու կարճ զրուցելով անցող-դարձող ծանոթների ու հարևանների հետ, հոգնեի ու մտածեի էի՝ «բա ավտո չլինե՜ր կամ էլ տաքսի»։ Մեկ ա, տանն էի, ուր ամեն ինչ հարազատ է ու լավը։

Տուն լիներ, որ երջանկություն լիներ։

Ուրբաթ առավոտ լիներ ու զարթուցիչն էլ յոթին զնգար…

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 8541

Մեկնաբանություններ